«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեջ կարևոր տեղ ունեն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Ընկերության միջոցներով ձեռք են բերվել աշակերտների և ուսուցչական կազմի ու վարչական աշխատողների համար դպրոցական գույք և գրենական պիտույքներ, որոնցով ամբողջությամբ կահավորվել է Շնող գյուղի 430 աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցը: Ընկերության միջոցներով իրականացվել է Թեղուտ գյուղի մշակույթի տան հիմնանորոգումը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրերը կարևոր նշանակություն ունեն նաև ընկերության ռազմավարական ծրագրերում:
Դրա վկայությունն է այն, որ բնապահպանական կառավարման պլանի նախագծով և աշխատանքային նախագծով նախատեսված գործողությունների զգալի մասը ենթադրում է բնապահպանական առումով ավելի խիստ չափորոշիչներ, քան ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ: Մասնավորապես. նախատեսվում է արդյունաբերական ջրերի փակ շրջանառու համակարգ, իսկ բանավանի սպասարկման համար կենցաղային օգտագործման նպատակով վերցված ջուրը մինչ արտաթողումը կենթարկվի մաքրման` աշխարհի առավել առաջադիմական տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված կենսաբանական մաքրման կայանում:
Գիտակցելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկը անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է, Վալլեքս խմբի ընկերությունները չեն սահմանափակվելու բնապահպանական վնասի փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով` «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձմոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել վերոնշյալ 714 հա տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչ անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը:
Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով` ՀՀ առաջատար բուհերի ուսանողության և Լոռու մարզի երիտասարդության լայն մասնակցությամբ` Թեղուտ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում ծառատունկեր իրականացվել են նաև հասարակական կարգով: «Տանձուտ» կոչվող տեղամասում «Թեղուտ» ՓԲԸ կողմից ցանկապատվել է հատուկ այդ նպատակով հատկացված ավելի քան 10.000 քառակուսի մետր տարածք: Ծառերի ընթացիկ խնամքը նույնպես իրականացվում է ընկերության միջոցներով:
Ընկերության արժեքային առաջնահերթություններից է նաև առողջ աշխատանքային մթնոլորտի և աշխատակիցների համար պատշաճ աշխատանքային ու կենցաղային պայմանների ապահովումը: Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հարևանությամբ նախատեսված բանավանին կից ստեղծվելու է ակտիվ հանգստի և ժամանցի գոտի: