Տնտեսական գործունեությունը

Իրականացրած աշխատանքները

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները

Մինչ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ուղղությամբ առարկայական գործունեությունը սկսելը «Վալլեքս» խմբի ընկերությունները ապահովել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավական ընթացակարգերի լիարժեք իրականացումը:

2001 թվականի փետրվարին մրցութային կարգով (մրցույթի մասին հայտարարությունը տեղակայվել է Հայաստանի Հանրապետություն թերթի 21.12.2000 թ. համարում) ստացվել է 25 տարով հանքավայրի շահագործման լիցենզիա: 2005 թ. կատարվել է շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատումը և կազմվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) նախագիծ, որը ներկայացվել է փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն: Օրենքով սահմանված կարգով ապահովվել է հանրության իրազեկումը և մասնակցությունը ՇՄԱԳ նախագծի քննարկմանն Ալավերդի քաղաքում՝ 2006 թ. մարտի 23-ին: 2006թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ տվել է թիվ ԲՓ-31 դրական փորձաքննական եզրակացությունը:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը նույնպես ներկայացվել է բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության: Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ներկայացվել է նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության նպատակով:

Օրենքով սահմանված կարգով հանրության իրազեկումն ապահովելով, 2006 թ. հոկտեմբերի 12-ին Թեղուտում կազմակերպվել են հասարակական լսումներ՝ հետաքրքրվող հանրությանը ներկայացնելով հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը և գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ 2006 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվել է թիվ ԲՓ-135 դրական փորձաքննական եզրակացությունը: 2006 թ. նոյեմբերին աշխատանքային նախագծի վերաբերյալ ստացվել են նաև նշված մյուս փորձաքննությունների դրական եզրակացությունները:

Բացի օրենսդրությամբ նախատեսված վերոնշյալ լսումները, Թեղուտում պղինձ-մոլիբդենային կոմբինատի շինարարության և շահագործման ծրագրի բնապահպանական բաղադրիչին նվիրված քննարկումներ կազմակերպվել են նաև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնում («Օրհուսի» կենտրոն)` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: Քննարկումներին, ի լրումն ազդակիր համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների, ներկա են եղել հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 15 ներկայացուցիչներ (ընդամենը` 45 մարդ): Քննարկումների ընթացքում ազդակիր համայնքների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված` համայնքների ավելի քան 1 500 բնակիչների կողմից ստորագրված նամակը, որում, հաստատելով Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին համայնքների բնակիչների համաձայնությունը, խնդրվում է անտառվերականգնման նախատեսվող աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել ազդակիր համայնքների տարածքում: Գրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացվել է նաև, որ հենց ազդակիր համայնքներում շրջակա միջավայրի վրա ծրագրի բացասական ազդեցության մեղմումից և անտառվերականգնման ու խնամքի աշխատանքներին ազդակիր համայնքների բնակիչների լիարժեք մասնակցությունից բացի, այս եղանակով աշխատանքների կազմակերպումը նաև կարող է ազգօգուտ ծրագրերի իրականացմանը համայնքների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և պետական մարմինների արդյունավետ և համագործակցված մասնակցության լավ օրինակ ծառայել:

2007 թ. նոյեմբերին ընդունվել են ՀՀ կառավարության 1278-Ն (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին) և 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումները:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ մշակվել է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանի նախագիծ (ԲԿՊ), որը Թեղուտի հանքավայրի շահագործման ուղղությամբ իրականացվելիք գործունեության բնապահպանական տեսանկյուններն ամբողջական արտացոլող և անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներն ու դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները սահմանող համալիր փաստաթուղթ է: Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան պարտադիր ընթացակարգեր չկան, «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից, տարբեր շահագրգիռ կազմակերպությունների և լայն հասարակայնության իրազեկումը նախապես ապահովելով, հասարակական լսումներ և լայն քննարկումներ են կազմակերպվել նաև բնապահպանական կառավարման պլանի շուրջ:

Ինչպես ցանկացած այլ տնտեսական գործունեություն, այնպես էլ Թեղուտի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ենթադրում է արհեստածին փոփոխություններ և´բնական միջավայրում, և անտրոպոգեն` մշակութային միջավայրում: Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր, արժեքավոր տեղեկատվություն պարունակող պատմամշակութային հուշարձաններ` մինչև հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսվող, շրջակա միջավայրի մշակութային իրադրությունը փոփոխող գործողությունների իրականացումն անհրաժեշտ է անել առավելագույնը, որպեսզի մեղմացվի հնարավոր բացասական ազդեցությունը: Միայն համոզված լինելով, որ գիտությանը տվյալ պահին հայտնի առավելագույն արդյունավետություն ունեցող միջոցներով, ողջամիտ սահմաններում արվել է հնարավոր առավելագույնը իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակությունը վերհանելու, արժեքավոր հուշարձանները տեղափոխման կամ այլ միջոցով պահպանելու, այլ հուշարձանների պարունակած պատմամշակութային տեղեկատվությունը համակարգելու և հուսալի կրիչների վրա ամրագրելու ուղղությամբ` կարելի է նախաձեռնել շրջակա մշակութային միջավայրի անցանկալի փոփոխության ռիսկեր ունեցող գործողություններ: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով` ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման համաձայն մշակվել է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր» (հաստատված ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով): Այդ ծրագիրը հիմք ընդունելով` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր` «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին` Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների իրականացման համար:

Աշխատանքային նախագծի իրականացման ուղղությամբ արդի փուլում կատարված աշխատանքները

 

  «Վալլեքս» խմբի ընկերությունները Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ուղղությամբ արդեն կատարել են ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ.

- կառուցվել են և շահագործման պատրաստ են 40 մ3/ժ արտադրողականությամբ բետոնախառնիչ հանգույցը և 15 մ3/ժ արտադրողականությամբ ջարդման արտադրամասը.

- կառուցվել են 55 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական և ժամանակավոր ճանապարհներ.

- անցկացվել են շուրջ 6,5 կմ երկարությամբ 35.000 վոլտ լարման և 18 կմ երկարությամբ 6,000 վոլտ լարման էլեկտրահաղորդման գծեր.

  • - ժամանակավոր օգտագործման համար կառուցվել է կենտրոնական պահեստ (500 մ2), հորատհանուկի պահեստ (300 մ2), վառելանյութի և քսայուղի պահեստ (100 տ տարողությամբ), ավտոկայանտեղի (60 տեղ), վարչական շենք (570 մ2), հանրակացարան (18 տեղ), կառուցվել է 200 տեղանոց հիմնական հանրակացարանի 2-րդ հարկը և 3-րդ հարկի 80 %-ը.
  • - լցակույտերի տեղամասում իրականացվել են ավելի քան 265,000 մ3 հողային աշխատանքներ.
  • - կառուցվել 2,000 մ երկարությամբ ջրհեռացման թունել (2,467 մ ընդհանուր երկարությունից).
  • - պոչանքային տնտեսությունում կատարվել են բնական ջրհոսքների` ապագա պոչամբարի տարածքի շրջանցման համար անհրաժեշտ հոս­քագծերի շուրջ 1800 մ (5000 մ ընդհանուր երկարությունից) և ջրառների շուրջ 9000 մ3 (12,000 մ3 ընդհանուր ծավալից) շինարարության աշխատանքներ.
  • - ապագա ֆաբրիկայի տարածքում իրականացվում են հողային աշխատանքներ` մշակվել և հեռացվել է մոտ 250,000 մ3 գրունտ.
  • - վերակառուցվում և ընդլայնվում է Ախթալայի երկաթուղային կայարանին հարակից փոխաբեռնման կայանը.
  • - վերանորոգվել է Դեբեդ գետի վրայի պոմպակայանը, որը սպասարկելու է արտադրական ցիկլը.

իրականացվել են և ընթացքի մեջ են նաև այլ աշխատանքներ:

 

Իրականացվում են աշխատանքներ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսության հասցվող վնասի հատուցման ծրագրով (հաստատված ՀՀ բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի թիվ 295-Ա և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի թիվ 151-Ա համատեղ հրամանով) նախատեսված  անտառապատման ուղղությամբ: Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 56 հա գումարային մակե­րեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել շուրջ 132 հա գումարային մա­կե­րեսով տարածքներում: 

 

Գործունեության իրականացման համար ընկերությունն ունի հետևյալ արտոնագրերը.

         Կապիտալ շինարարության բնագավառում' ըստ քաղաքաշինության (ներառյալ համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակումը) հետևյալ ոլորտների.

­       Հիդրոտեխնիկական

­       Էներգետիկական

­       Քաղաքացիական և արդյունաբերական

­       Տրանսպորտային

Ջրօգտագործման արտոնագրեր:


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC